Wednesday, August 12, 2015

Հոգեբանությունը և Ռենե Դեկարտի փիլիսոփայությունը


 Դեկարտը սկսել է իր գիտական գործունեությունը մերձավորաբար 1618-1619 թվականներին: Ուսումնասիրության նյութը հիդրոստատիկայի և ընկնող մարմինների դինամիկայի հետ կապված խնդիրներն էին: Առաջին հայացքից հոգեբանության հետ կապ չունեցող այս գիտական ուղղության մեջ ունեցած ձեռբերումները պարզվում է, որ զուր չանցան և թույլ տվեցին Դեկարտին մշակել մի ունիվերսալ մաթեմատիկական տեսություն, որը բանալի էր հանդիսանում փիլիսոփայական, ֆիզիկական և հոգեբանական խնդիրների լուծման համար: 1620-ականների ավարտին նա գրեց իր «Մտքի ղեկավարման կանոններ» (Rules for the Direction of the Mind) գիրքը, որում շարադրվում էին նոր ֆիզիկայի դրույթները: Այս տեսությունը ֆունդամենտալ կերպով հեղաշրջեց մատերիայի մասին պատկերացումները, և հակառակ արիստոտելյան ընկալման՝ սահմանեց այն որպես զուտ երկրաչափական տիրույթ, որը զուրկ է ակտիվ սուբստանցի կարգավիճակից և «սեփական որակներից»: Դեկարտի նպատակը մատերիական բնության բոլոր երույթները զուտ նյութի և շարժման օրենքներով բացատրելն էր:
  Այս նոր ֆիզիկական տեսությունն ընդգրկում էր արիստոտելյան ֆիզիկայի բոլոր բնագավառները և անգամ ավելին՝ Արեգակնային համակարգի և Երկրագնդի առաջացումը, հանքային նյութերի և բնության անօրգանական կազմավորումների հատկությունները, բույսերի և կենդանիների ծագումը և որակները, ինչպես նաև մարդու մարմնի, հոգու և դրանց փոխկապակցվածության հարցերը: Այս աշխատությունը Դեկարտը չհրատարակեց իր կյանքի օրոք և մահվանից հետո՝ 1664թ-ին հրապարակված ձեռագրերում պահպանվել էր ընդամենը երկու գլուխ՝ «Լույսի մասին», որում խոսվում է անօրգանական աշխարհի ֆիզիկայի մասին, և «Մարդու մասին»՝ մարդու ֆիզիոլոգիայի և վարքի մասին:

  Միևնույն ժամանակ Դեկարտը մի շարք մետաֆիզիկական գաղափարներ առաջ քաշեց Աստծո և մարդու հոգու մասին, ուստի կարելի է պնդել, որ 1629-1630 թթ.-ին նա աշխատանք էր տանում և՛ մատերիալիստական, և՛ մտքի հետ կապված խնդիրների ուղղությամբ: Սկիզբ առած այս շղթայական ռեակցիան ծնունդ տվեց այլ հիմնարար աշխատությունների, որոնցում տրվում էր ֆիզիկական տեսության ընդարձակ հիմնավորումը. «Խորհրդածություններ մեթոդի մասին» 1637թ., «Մետաֆիզիկական խորհրդածություններ» 1641թ., «Փիլիսոփայության հիմունքները» 1644թ., և «Հոգեկան ապրումները» 1649թ.: Վերջին երկում արդեն շարադրված էին ֆիզիոլոգիայի և հոգեբանության ենթաբաժինները, մտքի մետաֆիզիկան և իմացության տեսությունը:
  Այսպիսով, Դեկարտը մերժում էր մատերիայի սեփական, բնութենական ակտիվությունը և ֆիզիոլոգիայի այդ ժամանակ գերիշխող Գալենյան պատկերացումները: Նրա նպատակն էր՝ բոլոր կենդանի օրգանիզմներում ընթացող պրոցեսները բացատրել մատերիական մեխանիզմների, այսինքն՝ շարժման մեջ գտնվող կազմակերպված մատերիայի օրինաչափությունների միջոցով:
  Հոգու և մտքի դեկարտյան տեսությունը նույնպես խիստ տարբերվում էր ընդունված պատկերացումներից: Արիստոտելյան ուսմունքում հոգին մարմնից անկախ չի կարող գոյություն ունենալ, այնպես ինչպես մարդու օրգանիզմը չի կարող «մարդու մարմին» կոչվել առանց հոգու ներկայության (այս տեսությունը զարգացրել է նաև Թովմա Աքվինացին): Բացի այդ, ըստ միջնադարյան արիստոտելականության համոզումների, հոգու զորությունները ղեկավարում էին տարբեր օրգանների աշխատանքը, զգայությունները, բանական և իմացական կենտրոնը՝ ուղեղը: Դեկարտը միտքը և մարմինը (փիլիսոփայական կոնտեքստում Դեկարտը նախընտրում էր հոգին միտք անվանել) պատկերացնում էր իբրև առանձին և լիովին անկախ սուբստանցներ, որոնք կարող են գոյատևել առանց մեկը մյուսի: Նա մտքի միայն երկու զորություն էր ընդունում՝ բանականությունը և կամքը: Զգայարանների գործունեությունը նա բացատրում էր զուտ մեխանիկական սկզբունքով. օրինակ՝ շոշափելիքի զգայարանից նյարդային ազդակ ստանալով ուղեղը ներգործում է մտքի բանական զորության վրա, որի արդյունքում և մարդը գիտակցում է ստացված փորձառությունը:
  Հոգու և մատերիայի այս նոր տեսությունը պահանջում էր Արիստոտելի կողմից սահմանված հոգու զորությունների վերաբաշխում մարմնի և բանականության միջև: Սահմանափակվելով միայն հոգու զգայական և կոգնիտիվ ֆունկցիաներով Դեկարտը ցանկանում էր բացատրել կենդանիների պարզագույն իմացական կարողությունները, օրինակ՝ թե ինչպե՞ս են ոչխարները գայլի ներկայությամբ հասկանում վտանգի մասին միայն ուղեղային մեխանիզմների շնորհիվ, առանց մտածական ու բանական բարձրագույն գործընթացների: Դեկարտը զարգացրեց այս տեսությունը, կենդանիներից անցնելով մարդկանց, համոզված լինելով, որ կարող է բացատրել մարդկային վարքի շատ դրսևորումներ, որոնցում միտքը կամ բանականությունը ներկա չէ: Այս կերպ Դեկարտը փոխարինեց արիստոտելյան հոգեբանության դատարկված հատվածները բանականությունից անկախ իրականացվող հոգեկան պրոցեսներով: Սակայն, միևնույն ժամանակ նա մտքին (հոգուն) վերագրեց մի շարք կարևոր հոգեկան գործառույթներ, ինչպիսիք են՝ գիտակցությունը, կամքը, դատողականությունը և լեզվի իմաստալի օգտագործումը: Դեկարտը պնդում էր, որ այս դրսևորումները չի կարելի բացատրել շարժման մեջ գտնվող կազմակերպված մատերիայի միջոցով:
   Տեսողական ընկալումն առաջին հոգեբանական ոլորտն էր, որտեղ Դեկարտը կիրառեց իր նոր մաթեմատիկական մոդելը: Չափի և ձևի տեսողական ընկալման մեխանիզմերն առաջինն ուսումնասիրել է II դարի եգիպտացի մտածող Կլավդիոս Պտղոմեոսը, որի հիման վրա XI դարի արաբ փիլիսոփա Իբն ալ-Խայթամը (Ալհազեն) հիմնարար աշխատություն շարադրեց՝ խոսելով տեսողության միջոցով ընկալվող առարկաների մնացյալ ատրիբուտների մասին: Այս գրականությունը միջնադարում դասակարգվում էր «Օպտիկա» ընդհանուր անվան ներքո, որն իր մեջ ներառում էր ֆիզիկական, ֆիզիոլոգիական և հոգեբանական ասպեկտները: Ստեղծված բազիսի հիման վրա Յոհաննես Կեպլերը 1604 թվականին կատարեց աչքի ցանցաթաղանթի վրա պատկերի ստեղծման գյուտը ("Astronomiae pars Optica" - «Աստղագիտության օպտիկական մասը» աշխատության մեջ):
  Դեկարտը լիովին նոր մոտեցում առաջարկեց գույների տեսողական ընկալման հարցում, որը շարադրված է «Դիոպտրիկայում» և «Օդերևութաբանության» մեջ (1637թ.), բերելով տարբեր առարկաների գունային ընկալման և ծիածանի գունաբաժանման օրինակներ: Այսպիսով, ըստ Դեկարտի, գույնը առարկաների մակերևութային հատկանիշն է (Ջոն Լոկն անվանում էր «երկրորդային հատկանիշ») և լույսի արտացոլման շնորհիվ է հաղորդվում մեզ: Լույսը բաղկացած է կորպուսկուլներից (մասնիկներից), որոնք զանազան ալիքային հաճախականություն են ստանում կախված գունային երանգից, օրինակ՝ կարմիր գույնի արտացոլման ժամանակ այդ կորպուսկուլներն ավելի մեծ հաճախականությամբ են տատանվում քան կապույտ գույնի դեպքում: Լույսի այս մասնիկները ընկնելով աչքի մեջ ազդում են ցանցաթաղանթի տարբեր հատվածների վրա, որոնք հակազդում են ըստ իրենց վրա գործված ուժի: Ցանցաթաղանթում բաշխված նյարդային վերջավորությունները մեխանիկական ճանապարհով ազդակ են հաղորդում կոնաձև գեղձին (էպիֆիզ), որտեղ, ըստ Դեկարտի, տեղի է ունենում մարմին-միտք փոխազդումը և այնտեղ էլ առաջանում է գույնի զգացողությունը:
   Սպինոզան և Լեյբնիցը հետևեցին Դեկարտի այս տեսությանը, ընդունելով, որ գույնը ոչ թե արիստոտելյան տեսության համաձայն ծնվում է մեր մտքում որովհետև արտաքին օբյեկտները «հիշեցնում են» կամ «նման են» գույնի մասին մեր ունեցած գաղափարներին, այլ գույները պարունակվում են առարկաների մեջ և ընկալվում ու հաղորդվում են մեր ուղեղին մեխանիկական ճանապարհով:
 Տեսանելի առարկաների հեռավորության և չափի հասկացումը Դեկարտի պատկերացմամբ նույնպես տեղի է ունենում զուտ մեխանիկական եղանակով: Նախ, աչքի ոսպնյակի և եղջերաթաղանթի նյարդա-մկանային կարգավորումը թույլ է տալիս որոշել տեսանելի օբյեկտի հեռավորությունը, ինչին օգնում է նաև մեզ արդեն հայտնի այդ օբյեկտի մոտավոր չափերի պատկերացումը և անկյունը, որի տակ մենք դիտում ենք այդ առարկան: Ինչ վերաբերում է աչքի ցանցաթաղանթի վրա արտաքին առարկայի պրոյեկտմանն ու գծագրությանը, ապա այս հարցում Դեկարտը հիմնվում էր Կեպլերի ձեռք բերած փորձի վրա: Միով բանիվ, առարկայի չափի, հեռավորության, գույնի և ուղեղային վերլուծական կենտրոնում առաջացած առարկայի հստակ պատճենի համադրումը (այս ամենը տեղի է ունենում նյարդային ազդակների փոխանցման մեխանիզմի միջոցով) մարդու մտքում ծնում է առարկայի լիարժեք տեսողական պատկերը: 


  1637 թվականին Դեկարտի կողմից կատարված այս գծանկարում նկարագրված է աչքի կողմից ճառագայթների ընկալման երկրաչափությունը և նյարդային ազդակների փոխանցման ֆիզիոլոգիան. ABC մարմինը ակնագնդերի ոսպնյակների ֆոկուսավորման շնորհիվ պրոյեկտվում է ցանցաթաղանթի 1-3-5 հատվածներում: Նյարդային ազդակները աքսոնների միջոցով համապատասխանաբար փոխանցվում են 2-4-6 վերջույթներին, որոնք էլ էպիֆիզի վերլուծական կենտրոնում համադրվելով ստեղծում են վերջնական պատկերը:
 Տեսողական ընկալման այս մեխանիկական սիստեմը Դեկարտը տարածեց նաև մարդկային հոգու հույզերի և ապրումների վրա: Նրա կարծիքով՝ ուրախությունը, թախիծը, ցանկությունը կամ վախը մարմնական գրգիռներից վերաճում են բարձրագույն բանական գործընթացների, որոնք հասկացվում են մարդու կողմից առանց հոգու ակտիվ մասնակցության: Սակայն, այս ամենի հետ մեկտեղ հոգին կամ միտքը պահպանում է իր իշխող ու հրահանգող գործառույթը, օրինակ՝ հրեշավոր կերպարանքով գազանի տեսքը զգայական և բանական օղակներով անցնելով ստեղծում է վախի զգացողությունը, բայց չի կարող մարդու մտքի փոխարեն մարդուն թելադրել անհապաղ փախուստի դիմել:
   Ուշադրության հետ կապված հոգեբանական երևույթները ուսումնասիրվել են դեռևս անտիկ շրջանում՝ Արիստոտելի, Լուկրեցիոսի և Օգոստինոսի կողմից: Դեկարտը նոր երանգ հաղորդեց այս տեսությանը՝ առանձնացնելով ուշադրության սևեռման կամավոր և ոչ կամավոր տեսակները: Ըստ որում, նա առանձին վերլուծության էր ենթարկում այն դեպքերը, երբ մարդն ուշադրությունը սևեռում է շրջակա առարկաների վրա, և երբ կենտրոնանում է մտածական գործընթացների վրա:
 Ռացիոնալիզմի մտածողները մեծապես կարևորում էին բանականության դերը, համարելով այն մի որակ, որը լավագույնս կարողանում է բացահայտել ճշմարտությունը: XVII դարի արիստոտելյան տրամաբանությունը տրոհում էր բանականության և մտքի գործողությունները երեք խմբի՝ ա) առարկաների և նրանց հատկանիշերի կոնցեպտուալիզացիա և դասակարգում, բ) սուբյեկտ-պրեդիկատ կապակցությունների ներկայացում և դատողություններում դրանց հաստատում կամ հերքում, գ) դիսկուրսիվ մտածողություն, որը տարանջատում է մի դատողությունը մյուսից: Դեկարտը թեև թերահավատորեն էր մոտենում տրամաբանական անալիզի այս տեսությանը, սակայն այս երեք բաժիններն էլ տեղ են գտել նրա աշխատություններում: Կար նաև չորրորդ բաժինը, որով հատկապես հետաքրքրված էր Դեկարտը՝ բանականության դասակարգիչ ֆունկցիան, որը թույլ էր տալիս մեթոդավորել մտածումները: Տեսականորեն նա դատողականության գործընթացը բաժանեց երկու մասի՝ բանականությանը վերլուծության տրված գաղափար և կամքի կողմից այդ գաղափարի ընդունում կամ մերժում:
 Իբրև մետաֆիզիկոս, Դեկարտը չէր կարող չանդրադառնալ գոյաբանությանը և չսահմանել բոլոր գոյություն ունեցող էակների հիմնական տեսակները: Նա առաջ քաշեց մի տեսություն, որի համաձայն՝ գոյություն ունի անվերջ ու անսահման էություն (Աստված), ով ստեղծել է երկու ոլորտներ՝ միտք (հոգի) և մատերիա: Փիլիսոփայի այս միտք-մատերիա դուալիզմն անհաղթահարելի անդունդ էր ստեղծում այս երկուսի միջև, որովհետև նա պնդում էր, թե միտքը կամ հոգին գոյություն ունենալով ժամանակի մեջ՝ ոչ մի ընդհանուր եզր չունի տարածական հարթության մեջ գտնվող մատերիայի հետ: Դիտելով այս երկուսն իբրև առանձին սուբստանցներ, Դեկարտը համոզված էր, որ սրանք կարող են գոյություն ունենալ անկախաբար:
 Ռենե Դեկարտն, այսպիսով, դարձավ նոր փիլիսոփայական հայեցակարգի սկզբնավորողը, որի գաղափարները մեծ ազդեցություն գործեցին մյուս ռացիոնալիստների՝ Լեյբնիցի, Սպինոզայի, Մալբրանշի վրա: Մասնավորապես, ներդրումը մեծ էր հոգեբանության գիտական կայացման գործում, ինչը հիմք ծառայեց XIX դարում Հոգեբանության ոլորտում մեծ ճեղքում կատարելու համար:
© ՎԱՐԴԱՆ ԱՍԼԱՆՅԱՆ

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.