Tuesday, July 29, 2014

Ի պաշտպանություն հեղինակային իրավունքի


  Հայաստանյան իրականության մեջ գիտության, գրահրատարակչության, արվեստի ոլորտներում կամ համացանցում մենք ամեն օր հեղինակային իրավունքի կոպիտ խախտումների ենք ականատես լինում: Հայերիս մոտ ուրիշի մտավոր սեփականության հանդեպ անփույթ վերաբերմունքը տարիների ընթացքում բնավորության է վերածվել: Երբ ուսանողները գումար չունենալու պատճառով գիրքը գնելու փոխարեն պատճենում են այն՝ սա ինչ-որ տեղ հասկանալի ու ներելի է, բայց ի՞նչ ասես այն մարդկանց, ովքեր համացանցում տարբեր բլոգերից ամբողջական նյութեր են պատճենում և առանց սկզբնաղբյուրին հղման, իրենց անվան տակ հրապարակում: Մի կողմ թողնելով նյութականը, ես ուզում եմ շեշտել բարոյական վնասը, որը հասցվում է հեղինակին: Քանիցս այս բլոգի նյութերը հայտնվել են այլ կայքերում, առանց իմ թույլտվության, առանց բլոգին հղման և երբեմն նաև ուրիշի անվան տակ: Երբ պատահականորեն համացանցում աչքիս է զարնում կեղծամ հագած իմ հոդվածը՝ ես պարզապես շանթահար եմ լինում, ժամեր են պահանջվում, որպեսզի կայքի ադմինիստրատորի աչքը մտցնես քո օրիգինալ հոդվածը, պահանջես, որպեսզի հեռացնի այն կայքից և դեռ այդ մարդիկ էլ նեղսրտում են, թե՝ ի՞նչ մի վատ բան ենք արել... Ուրեմն, այս հոդվածը թող զգուշացում լինի այն արկածախնդիր բլոգերներին, ովքեր հանուն դիտումներ և լայքեր շորթելու պատրաստ են դիմել ամեն քայլի:
 Թեև հեղինակային իրավունքի օրենսդրական դաշտը Հայաստանում կատարելապես կարգավորված չէ, բայց 2006 թվականից գործում է "Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին" ՀՀ օրենքը, որի գործադրման դեպքում հնարավոր կլիներ խուսափել բազում օրինախախտումներից և կոպիտ սխալներից: Ստորև բերում եմ Օրենքից կատարված քաղվածքները, իմ մեկնաբանությունների հետ միասին.

Հոդված 3. Հեղինակային իրավունքի օբյեկտները
1. Հեղինակային իրավունքի օբյեկտ է համարվում գրականության, գիտության եւ արվեստի բնագավառներում հեղինակի ինքնուրույն կամ այլ հեղինակների հետ իրականացրած ստեղծագործական աշխատանքի յուրօրինակ  արդյունքը (այսուհետ` ստեղծագործություն), որն արտահայտված է բանավոր, գրավոր կամ այլ օբյեկտիվ ձեւով, ներառյալ` մշտապես կամ ժամանակավոր պահպանվող էլեկտրոնային ձեւը, անկախ ստեղծագործության ծավալից, նշանակությունից, արժանիքներից ու ստեղծման նպատակից:

  Հեղինակային բլոգում զետեղված նյութերը նույնպես հեղինակային իրավունքի օբյեկտ են հանդիսանում, հատկապես, եթե ամեն հոդվածի ներքևի հատվածում գրված է հեղինակի անունը, դրված է © նշանը, "Նյութերի ամբողջական կամ մասնակի արտատպման դեպքում հղումը պարտադիր է" արտահայտությունը, ավելին՝ հղում կա բլոգի հեղինակի ֆեյսբուքյան կամ այլ կայքէջերին: Եվ էական չէ՝ հոդվածը ծավալո՞ւն է, արժեքավո՞ր է, հանճարե՞ղ է, թե՝ ոչ:

Հոդված 5. Ստեղծագործության հրապարակումը եւ լույսընծայումը
1. Ստեղծագործությունը համարվում է հրապարակված, եթե այն հեղինակի կողմից կամ նրա  համաձայնությամբ առաջին անգամ մատչելի է դարձել հանրությանը հրապարակային արտասանության, հրապարակային կատարման, հրապարակային ցուցադրման, լույսընծայման (հրատարակման),  հեռարձակման կամ հանրությանը մատչելի դարձնելու այլ միջոցներով:
2. Ստեղծագործությունը համարվում է լույս ընծայված (հրատարակված), եթե հեղինակի համաձայնությամբ ցանկացած միջոցներով, այդ թվում` էլեկտրոնային համակարգերի միջոցով, արտադրված ստեղծագործության օրինակները շրջանառության մեջ են դրվել բավարար քանակով։

  Անվիճելի է, որ ամենավաղ ամսաթվով թողարկված հոդվածն է, որ հեղինակային է, ամեն բլոգ արդեն իսկ ունի իր ընթերցողների լսարանը, այնպես որ պետք չէ արջի ծառայություն մատուցել, իբրև թե՝ ուզում էինք, որ Ձեր նյութը ավելի լայն տարածում ստանա...

Հոդված 8. Հեղինակության կանխավարկածը
1. Հեղինակ է ճանաչվում այն անձը, ում անունը որպես հեղինակ նշված է ստեղծագործության վրա, կամ ում անունը որպես հեղինակ նշված  է ստեղծագործությունը հրապարակելիս, կամ ում անունը  որպես հեղինակ նշված է գույքային իրավունքները  կոլեկտիվ հիմունքներով կառավարող համապատասխան կազմակերպությունում, կամ նոտարի մոտ, կամ օրենքով համապատասխան լիազորություն ունեցող այլ կազմակերպություններում ի պահ  հանձնված ստեղծագործության օրինակի վրա, քանի դեռ հակառակն ապացուցված չէ։ Սույն դրույթը կիրառվում է նաեւ այն դեպքերում, երբ այդ անունը կեղծանուն է, եւ կեղծանունով հանդես եկող հեղինակի անձը կասկած չի հարուցում:

  Հեղինակի անձը պարզելը դժվար չէ, եթե անգամ նա կեղծանվան ներքո է հանդես գալիս: Եթե նույնիսկ նյութը ձեզ հանդիպում է միջնորդավորված տեսքով, այսինքն՝ դուք տեսել եք ինչ-որ մեկի առանց հղման պատճենը, մի՛ զլացեք, որոնեք Google-ում և իսկույն կգտնեք սկզբնաղբյուրը:

Հոդված  9. Հեղինակային իրավունքի ծագումը եւ դրա մասին ծանուցումը
1.  Ստեղծագործության նկատմամբ հեղինակային  իրավունքը ծագում է ստեղծագործության  ստեղծման փաստով:   Ստեղծագործությունը համարվում է ստեղծված, եթե այն արտահայտված է  ընկալելու հնարավորություն  թույլատրող որեւէ օբյեկտիվ ձեւով եւ կախված չէ այդ իրավունքի պաշտոնական հաստատագրումից, ստեղծագործության գրանցումից եւ որեւէ այլ գործողության կատարումից:
2. Բացառիկ գույքային իրավունքները տիրապետող անձը (hեղինակը կամ սույն օրենքով նախատեսված կարգով դրանք տիրապետող այլ անձը) հեղինակային իրավունքի մասին ծանուցելու նպատակով կարող է  օգտագործել հեղինակային իրավունքի պահպանության նշանը, որը զետեղվում է ստեղծագործության  բնօրինակի կամ յուրաքանչյուր օրինակի վրա եւ կազմված է ՝
աշրջանագծի մեջ վերցված լատինական «C» տառից.
բ) բացառիկ գույքային իրավունքները տիրապետող անձի անունից կամ անվանումից.
գստեղծագործության առաջին լույսընծայման տարեթվից:

  Բլոգի կամ այլ կայքի նկատմամբ ձեր իրավունքները ամրագրելու համար բնավ պարտադիր չէ գրանցել այն ինչ-որ կադաստրում կամ նոտարի մոտ, վերը բերված են այն եղանակները, որոնցով կարող եք հայտնել ընթերցողներին ձեր հեղինակային իրավունքի մասին:

Հոդված 12. Հեղինակի անձնական ոչ գույքային իրավունքները
1. Հեղինակի անձնական ոչ գույքային իրավունքները ապահովում են ստեղծագործության նկատմամբ  նրա  մտավոր եւ անձնական կապերը:
2. Հեղինակին են պատկանում ստեղծագործության նկատմամբ հետեւյալ անձնական ոչ գույքային իրավունքները`
աստեղծագործության հեղինակ ճանաչվելու (հեղինակության իրավունք).
բ) ստեղծագործությունն իր անվամբ, կեղծանվամբ կամ անանուն օգտագործելու կամ այդպիսի օգտագործումը թույլատրելու  (հեղինակի անվան իրավունք).
գ) ստեղծագործությունը հնարավոր աղավաղումներիցփոփոխություններից կամ հեղինակի համբավին կամ արժանապատվությանը վնաս հասցնող այլ ոտնձգություններից պաշտպանելու (հեղինակի համբավի եւ արժանապատվության իրավունք).
դստեղծագործությունը ցանկացած  ձեւով առաջին անգամ հրապարակելու կամ այդ իրավունքը այլ անձի վերապահելու  (հրապարակման  իրավունք).
ե) ստեղծագործությունը հրապարակելու մասին նախկինում ընդունած որոշումից հրաժարվելու (հետկանչի իրավունք):


Հոդված 22.  Ստեղծագործության ազատ օգտագործումը
1. Ազատ օգտագործում է համարվում առանց հեղինակի համաձայնության եւ  վարձատրության, սակայն հեղինակի անվան եւ ստեղծագործության սկզբնաղբյուրի պարտադիր նշումով, ստեղծագործության օգտագործումը, որը չի հակասում ստեղծագործության բնականոն օգտագործման պահանջներին եւ չի վնասում ստեղծագործության նկատմամբ հեղինակի օրինական շահերը:
 2. Ազատ օգտագործմամբ թույլատրվում է՝
ա) գիտական, հետազոտական, բանավիճային, քննադատական եւ տեղեկատվության նպատակով օրինական ճանապարհով հրապարակված ստեղծագործության քաղվածքների մեջբերումը (ցիտումը) բնագրով կամ թարգմանաբար, այդ թվում` թերթերի եւ ամսագրերի հոդվածներից քաղվածքների վերարտադրումը մամուլի տեսության ձեւով՝ մեջբերման նպատակն արդարացնող ծավալով...

  Սկզբնաղբյուրի նշումը ամենակարևոր նախապայմանն է ուրիշի հոդվածը օգտագործելու համար, բայց մի՛ մոռացեք նաև թույլտվություն խնդրելու մասին, էլեկտրոնային նամակ գրելը դժվար չէ: Դիցուք, այս բլոգի նյութերն իմ թույլտվությամբ թողարկվում են BlogNews կայքում և ես չեմ ցանկանում, որ դրանք տեղադրվեն այլ կայքերում, անգամ հղումը նշելու պայմանով:

Հոդված 30.  Թարգմանության կամ այլ ածանցյալ ստեղծագործության նկատմամբ  հեղինակային իրավունքը
1. Թարգմանությունները եւ այլ ածանցյալ  ստեղծագործություններն  ինքնուրույն ստեղծագործություններ են եւ պահպանվում են որպես բնօրինակներ:
2. Թարգմանիչներին կամ այլ ածանցյալ ստեղծագործությունների հեղինակներին է պատկանում իրենց կատարած թարգմանությունների, վերափոխումների, հարմարեցումների կամ այլ վերամշակումների նկատմամբ հեղինակային իրավունքը՝ անկախ թարգմանվող կամ վերամշակվող ստեղծագործության հեղինակային իրավունքի օբյեկտ համարվելու հանգամանքից։

  Եվս մեկ կարևոր հանգամանք. եթե կայքում զետեղված հոդվածը թարգմանություն է, այն համարվում է թարգմանչի սեփականությունը, անկախ նրանից՝ թարգմանված ստեղծագործությունը հանդիսանո՞ւմ է հեղինակայի իրավունքի օբյեկտ, թե՝ ոչ:

Հոդված 65.  Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների խախտում  համարվող գործողությունները
1. Սույն օրենքով պահպանվող ստեղծագործության կամ դրա էական մասի կամ հարակից իրավունքների օբյեկտի ցանկացած օգտագործում  անօրինական է, եթե նախապես, մինչեւ նման օգտագործումը  ձեռք չի  բերվել  հեղինակային իրավունքի  կամ հարակից իրավունքների իրավատիրոջ թույլտվությունը։
Ստեղծագործության էական մաս է համարվում   ստեղծագործության որեւէ մասը, որը տվյալ ստեղծագործությանը ծանոթ ցանկացած անձ ինքնուրույն կարող է նույնականացնել որպես այդ ստեղծագործության մաս։
2. Անձը, որը չի կատարում սույն օրենքի պահանջները, համարվում է հեղինակային իրավունքը կամ հարակից իրավունքները խախտող։
3. Առանց իրավատիրոջ թույլտվության պատրաստված կամ տարածված իրավունքի օբյեկտի օրինակները համարվում են  կեղծ կամ նմանակված (կոնտրաֆակտ)։
4. Ուրիշի ստեղծագործությունից մտքեր, հատվածներ քաղելը առանց դրանց ստեղծագործական վերամշակման եւ առանց ձեռքբերման սկզբնաղբյուրի նշման եւ որպես իրենը ներկայացնելը կամ ստեղծագործությունն ամբողջությամբ իր անունով ներկայացնելը համարվում է գրագողություն։
5. Հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների խախտման համար նախատեսվում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

  Ի՞՜՞՜նչ "մաս", ամբողջ հոդվածն են բառացի արտատպում առանց խղճի խայթի: Երևույթները պետք է կոչել իրենց անուններով, թե ի՞նչ եք գողանում՝ արդեն էական չէ:

Հոդված 66. Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների  պաշտպանությունը
1. Հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատերն իր իրավունքները պաշտպանելու նպատակով կարող է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմել դատարան:
2. Հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների իրավատերն իր  իրավունքները պաշտպանելու նպատակով, դատական կարգով, իր իրավունքները խախտողից կարող է  պահանջել՝
աիր իրավունքների ճանաչում.
բմինչեւ իրավախախտումը գոյություն ունեցող դրության վերականգնում եւ իրավունքը խախտող կամ խախտման վտանգ պարունակող գործողությունների կասեցում.
գնմանակված օրինակների, դրանց պատրաստման համար օգտագործվող նյութերի ու սարքավորումների բռնագրավում կամ ոչնչացում.
դվնասի հատուցում (ներառյալ՝ բաց թողնված օգուտըօրենքով սահմանված կարգով...

  Չեմ ուզում քրեական պատասխանատվությամբ սպառնալ, բայց պետք է նման քայլերի դիմող անձինք հասկանան հարցի լրջությունը: Իմ իրավունքները պաշտպանելու միջոցներին լավատեղյակ եմ, բայց խնդրում եմ՝ ազատեք ինձ ձեզ խարազանելու տհաճ պրոցեսից...

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.