Monday, February 17, 2014

Ռաֆայելի "Պառնասը" (The Parnassus)


  Հասուն Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ և ճարտարապետ Ռաֆայելի (1483-1520թթ.) "Պառնասը" (Il Parnaso) որմնապատկերը (1511թթ.) գտնվում է Վատիկանի պապական պալատում (չափերը՝ 6,7մ x 3,9մ): Արվեստների հովանավոր Հուլիոս II պապը 1508թ.-ին հանձնարարում է այն ժամանակ դեռևս 25-ամյա պատանի Ռաֆայելին նկարազարդել իր պալատի սրահների պատերը: Աշխարհի մեծագույն բանաստեղծներին մեծարող և պոեզիայի անգնահատելի արժեքի մասին վկայող "Պառնասը" գտնվում է պապական աշխատասենյակում (Stanza della Segnatura), որի մյուս երեք պատերին պատկերված են հետևյալ որմնանկարները. "Բանավեճ" կամ "Քննարկում Սբ. Հաղորդության խնդրի շուրջ". խորհրդանշում է աստվածաբանությունը, "Աթենքի դպրոցը"՝ փիլիսոփայությունը, իսկ "Իմաստություն, չափավորություն և զորություն" ստեղծագործությունը՝ արդարադատությունը:

 Ձեզ եմ ներկայացնում Ռաֆայելի "Պառնասը" որմնանկարում պատկերված անձերի՝ իտալացի նշանավոր արվեստաբան Ջորջո Վազարու կողմից ենթադրվող անունները.


1-10. Ապոլլոնը և Մուսաները (Կալլիոպե, Էվթերպե, Մելպոմենե, Թալիա, Էրատո, Պոլիհիմնիա, Տերպսիխորա, Կլիո, Ուրանիա)
11. Սաֆֆո (Ք.ա. 630-570թթ.) - Էոլական մելոսի ժանրի հիմնադիր, սերն ու գեղեցկությունը գովերգող բանաստեղծուհի
12. Ալկեաս (Ք.ա. 620-580թթ.) - Սաֆֆոյի ժամանակակիցն է, ռազմի և սիրո հիմներգերի հեղինակ
13. Կորիննա (Ք.ա. VI-Vդդ.) - Բեովտացի հույն բանաստեղծուհի, հայրենասիրական բանաստեղծության ժանրի ներկայացուցիչ
14. Պետրարկա (1304-1374թթ.) - իտալացի բանաստեղծ և հումանիստ
15. Անակրեոն (Ք.ա. 582-485թթ.) - հաճույքն ու սերը գովերգող հույն բանաստեղծ
16. Կույր Հոմերոսին ուղեկցող անանուն պատանի (նկարչական ավանդությամբ միշտ պատկերվել է Հոմերոսի կողքին)
17. Դանթե Ալիգիերի (1265-1321թթ.) - այս իտալացի գրողը հայտնի է իր "Աստվածային կատակերգություն" ստեղծագործությամբ
18. Հոմերոս (Ք.ա. IX դար) - համարվում է "Իլիականի" և "Ոդիսականի" հեղինակը, նկարչական ավանդության մեջ պատկերվում է կույր շրջիկ ծերունու կերպարանքով
19. Վերգիլիոս (Ք.ա. 70-19թթ.) - Հռոմեական գրականության դասական կոթողային երկի՝ "Էնեականի" հեղինակ
20. Անհայտ կերպար (ենթադրաբար՝ Անտոնիո Բեկադելլին է (1394-1471թթ.) իտալացի պատմագիր, հումանիստ, Նեապոլի Ակադեմիայի հիմնադիր)
21. Արիոստոս Լուդովիկո (1474-1533թթ.) - ստեղծագործել է լատիներենով և իտալերենով, ռազմական ասքերի և բարոյախրատական առակների հեղինակ
22. Բոկաչչո (1313-1375թթ.) - "Դեկամերոնի" հեղինակը, գովերգել է մարդ արարածի կատարելությունը, գրել է պոեմներ ոգեշնչվելով անտիկ շրջանի սյուժեներից
23. Ալբիուս Տիբուլլուս (Ք.ա. 55-19թթ.) - հռոմեացի բանաստեղծ, էլեգիայի ժանրի վարպետ
24. Սեքստ Պրոպերցիուս (Ք.ա. 50-15թթ.) - էլեգիաների հեղինակ, եղել է Օվիդիոսի բարեկամը
25. Անտոնիո Տիբալդի (1463-1527թթ.) - իտալացի բանաստեղծ, ով կորցրել է իր ողջ ունեցվածքը 1527թ.-ին Հռոմի գրավման ժամանակ
26. Ջակոպո Սաննազարո (1456-1530թթ.) - պրոզիմետրի գրական հանգավորմամբ (մեկտեղված են չափածոն և արձակը) ստեղծագործող հեղինակ
27. Հորացիոս (Ք.ա. 65-8թթ.) - հռոմեացի փիլիսոփա և բարոյախոս
28. Պինդարոս (Ք.ա. 518-442թթ.) - խմբերգերի և փառաբանական հիմների հույն հեղինակ

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.