Tuesday, July 29, 2014

Ի պաշտպանություն հեղինակային իրավունքի


  Հայաստանյան իրականության մեջ գիտության, գրահրատարակչության, արվեստի ոլորտներում կամ համացանցում մենք ամեն օր հեղինակային իրավունքի կոպիտ խախտումների ենք ականատես լինում: Հայերիս մոտ ուրիշի մտավոր սեփականության հանդեպ անփույթ վերաբերմունքը տարիների ընթացքում բնավորության է վերածվել: Երբ ուսանողները գումար չունենալու պատճառով գիրքը գնելու փոխարեն պատճենում են այն՝ սա ինչ-որ տեղ հասկանալի ու ներելի է, բայց ի՞նչ ասես այն մարդկանց, ովքեր համացանցում տարբեր բլոգերից ամբողջական նյութեր են պատճենում և առանց սկզբնաղբյուրին հղման, իրենց անվան տակ հրապարակում: Մի կողմ թողնելով նյութականը, ես ուզում եմ շեշտել բարոյական վնասը, որը հասցվում է հեղինակին: Քանիցս այս բլոգի նյութերը հայտնվել են այլ կայքերում, առանց իմ թույլտվության, առանց բլոգին հղման և երբեմն նաև ուրիշի անվան տակ: Երբ պատահականորեն համացանցում աչքիս է զարնում կեղծամ հագած իմ հոդվածը՝ ես պարզապես շանթահար եմ լինում, ժամեր են պահանջվում, որպեսզի կայքի ադմինիստրատորի աչքը մտցնես քո օրիգինալ հոդվածը, պահանջես, որպեսզի հեռացնի այն կայքից և դեռ այդ մարդիկ էլ նեղսրտում են, թե՝ ի՞նչ մի վատ բան ենք արել... Ուրեմն, այս հոդվածը թող զգուշացում լինի այն արկածախնդիր բլոգերներին, ովքեր հանուն դիտումներ և լայքեր շորթելու պատրաստ են դիմել ամեն քայլի:
 Թեև հեղինակային իրավունքի օրենսդրական դաշտը Հայաստանում կատարելապես կարգավորված չէ, բայց 2006 թվականից գործում է "Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին" ՀՀ օրենքը, որի գործադրման դեպքում հնարավոր կլիներ խուսափել բազում օրինախախտումներից և կոպիտ սխալներից: Ստորև բերում եմ Օրենքից կատարված քաղվածքները, իմ մեկնաբանությունների հետ միասին.

Tuesday, July 22, 2014

Ալեքսեյ Լոսև . Երաժշտության փիլիսոփայության հիմնական հարցը


  Հարց է ծագում. ի՞նչը մենք պետք է համարենք երաժշտական պատկերավորման նյութ: Ի՞նչ ենք մենք իրականում լսում, երբ ընկալում ենք երաժշտական ստեղծագործությունը:
  Դեռևս աշակերտական սեղանից գիտենք, որ ձայնը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ օդային միջավայրի որոշակի տատանում: Մեզ անգամ տարբեր թվային հարաբերակցություններ են սովորեցնում, որոնք բնութագրում են այս կամ այն ձայնը: Կարո՞ղ ենք արդյոք ասել, որ երաժշտություն լսելիս մենք ընկալում ենք օդային միջավայրի տատանումները և մեր մտքում պատկերացնում ձայնային ալիքների մեծությունը կամ ծավալը: Իհարկե՝ ոչ, նման բաներ մենք երաժշտությունից չենք ընկալում: Հակառակ դեպքում, ստիպված կլինեինք կարծել, որ երաժշտությունը կարող են ընկալել միայն ֆիզիկոսները: Կարող եք հիանալի երաժիշտ լինել և ոչինչ չհասկանալ ձայնային ալիքների տատանումից, և կարող եք հանճարեղ ֆիզիկոս լինել, բայց ընդհանրապես չընկալել երաժշտությունը:
  Հայտնի է, որ ձայնային զգայություն ստանալու համար ձայնային ալիքները պետք է ականջի խոռոչ թափանցեն և դիպչեն ձայնաթաղանթին: Մի՞թե երաժշտության մեջ պատկերվում է մեր ականջը, կամ ձայնաթաղանթը, կամ թե ինչպես են ձայնային ալիքները բախվում ձայնաթաղանթին: Այս ֆիզիոլոգիան կրկին ոչ մի առնչություն չունի երաժշտության հետ, թեև փաստացի՝ երաժշտությունն ինքնին չի կարող գոյություն ունենալ ո՛չ առանց ֆիզիկայի, ո՛չ էլ առանց ֆիզիոլոգիայի: Սակայն, հարկ եմ համարում կրկնել, որ սիմֆոնիա լսելու ընթացքում մենք բնավ էլ չենք մտածում ականջի, ձայնաթաղանթի կամ դրան բախվող ձայնային ալիքների մասին: Հակառակ դեպքում ինչպե՞ս կերգվեին ժողովրդական եղանակները հասարակ մարդկանց կողմից, ովքեր երբևէ  ֆիզիկայի կամ ֆիզիոլոգիայի գրքեր չեն կարդացել:

Tuesday, June 3, 2014

ՌՈԶՄԱՐԻ ՈՒՐՔԻԿՈ. Ժամադրվեք մի աղջկա հետ, որը ԿԱՐԴՈՒՄ է...


  Հանդիպեք աղջկա հետ, որը կարդում է... Ժամադրվեք այնպիսի աղջկա հետ, որը հագուստի փոխարեն իր գումարը ծախսում է գրքերի վրա, որը պահարանում ազատ տարածության խնդիր ունի շատ գրքեր ունենալու պատճառով: Հանդիպեք աղջկա հետ, որը տակավին ընթերցելիք գրքերի ցանկ ունի և ընթերցողական տոմս է ձեռք բերել տասներկու տարեկանից...
  Գտե՛ք այնպիսի մի աղջկա, որը կարդում է: Դուք կհասկանաք դա, որովհետև նա իր պայուսակում դեռևս չավարտած գիրք ունի: Նա մեկն է, ով սիրով նայում է գրախանութի դարակներին դարսված գրքերին, ով զսպված ճիչ է արձակում, երբ գտնում է իր փնտրած գիրքը: Տեսնո՞ւմ եք այն խորհրդավոր թռչնակին, որը շնչում է հին գրքերի բույրը օգտագործված գրքերի խանութում. նա՛ է ընթերցողը: Նրանք չեն կարողանում ընդդիմանալ էջերի բույրին, հատկապես երբ դրանք մաշված ու դեղին են:

Monday, February 17, 2014

Ռաֆայելի "Պառնասը" (The Parnassus)


  Հասուն Վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ և ճարտարապետ Ռաֆայելի (1483-1520թթ.) "Պառնասը" (Il Parnaso) որմնապատկերը (1511թթ.) գտնվում է Վատիկանի պապական պալատում (չափերը՝ 6,7մ x 3,9մ): Արվեստների հովանավոր Հուլիոս II պապը 1508թ.-ին հանձնարարում է այն ժամանակ դեռևս 25-ամյա պատանի Ռաֆայելին նկարազարդել իր պալատի սրահների պատերը: Աշխարհի մեծագույն բանաստեղծներին մեծարող և պոեզիայի անգնահատելի արժեքի մասին վկայող "Պառնասը" գտնվում է պապական աշխատասենյակում (Stanza della Segnatura), որի մյուս երեք պատերին պատկերված են հետևյալ որմնանկարները. "Բանավեճ" կամ "Քննարկում Սբ. Հաղորդության խնդրի շուրջ". խորհրդանշում է աստվածաբանությունը, "Աթենքի դպրոցը"՝ փիլիսոփայությունը, իսկ "Իմաստություն, չափավորություն և զորություն" ստեղծագործությունը՝ արդարադատությունը:

Sunday, January 5, 2014

Սբ.Ծննդյան խոհեր - Կարլ Ռաներ


   Սբ. Ծննդյան տոնախմբումն այնքա՜ն գեղեցիկ ու բարեկրոն սովորույթ է... Ամանորյա եղևնին, հաճելի նվերները, երեխաների հուզմունքը միշտ հիասքանչ և գերող են: Հոգևոր տրամադրությունները լցնում են տոնի մթնոլորտը, ինչն առավել սիրելի և հուզիչ է դարձնում այս օրը:
   Բայց արդյոք միայն այսքա՞նը կարող ենք ասել Ծննդյան խորհրդի մասին: Գուցե տոնախմբության արտաքին գեղեցկությունները, մտերմիկ ու խաղաղ ապրումները սոսկ թույլ արձագանքն են այն շքեղ տոնի, որը տեղի է ունենում մեր հոգու խորին անկյուններում: Անգամ եթե մենք չենք ցանկանում ընդունել այս իրողությունը որպես ճշմարտություն և մանկական ռոմանտիզմից ու ընտանեկան ջերմությունից ավելին չենք տեսնում այս օրվա խորհրդում, այնուամենայնիվ՝ Սբ. Ծնունդը բոլոր իմաստներով շարունակում է մնալ իրողություն և ճշմարտություն:
   Սբ. Ծնունդն իրականում ավելին է, քան մանկական զվարթ տրամադրությունը: Այս սուրբ գիշերվա կենտրոնական կերպարը մանուկն է, Աստծո Որդին ով ծնվելով աշխարհ եկավ: Ծննդյան տոնի խորհուրդը բխում է միմիայն այս փաստից, այլապես այն կվերածվեր սին պատրանքի: Սբ. Ծնունդը նշանակում է, որ Նա եկավ, լուսավորեց մեր խավարային գիշերը, երբ մենք անօգնական էինք: Այս իրադարձությունը տեղի ունեցավ մեկ անգամ, բայց պետք է ամուր հաստատվի մեր սրտում, որպեսզի մեկընդմիշտ փոխի մեր աշխարհայացքը: Եվ եթե մենք հավատով և խիզախությամբ ասենք. "Այսօր Սբ. Ծնունդ է", դրանով կընդունենք, որ այս իրողությունը ներխուժել է աշխարհ և մեր կյանքերի մեջ, նորոգելով ամեն բան: Կխոստովանենք, որ բոլոր արարածների և մեր կյանքերի Տերը կենդանի է: Նա այլևս իր անսահմանության բարձունքից մեր աննշան կյանքերին վերից չի նայում. հավիտենականը մտավ ժամանակի մեջ, Աստծո Որդին մարդացավ, ողջ տիեզերքը իր մեջ պարունակողը՝ մարմնացավ: Աստված եկավ աշխարհ, մարմնացած Խոսքի միջոցով ասելով մեզ ամենացանկալի խոսքերը. "Ես սիրո՛ւմ եմ ձեզ՝ աշխարհ և մարդիկ": Այս խոսքը հավիտենական ներգործություն ունի և տարածվում է ամենքիս վրա, և ուրեմն՝ Սբ. Ծնունդը միշտ ներկայում է:
   Երբ կտոնեք Սբ. Ծնունդը, աշխարհ եկած Փրկչին ձեր ողջ էությամբ ասացե՛ք այս խոսքերը. "Դու այստեղ ես, դու եկար, թափանցեցիր ամենուր, անգամ իմ հոգու մեջ, չնայած իմ անօրենությանն ու համառությանը, որոնք թույլ չէին տալիս ներում ստանալ քեզանից", և կլսեք ի պատասխան. "Կարող ես ոչինչ այլևս չասել, Ես այստեղ եմ, Ես եկա և Իմ սերն անհաղթելի է... Ես այստեղ եմ, վառե՛ք մոմերը, որպեսզի դրանք լուսավորեն խավարի մեջ: Սա Սբ. Ծնունդն է, Ծնունդ, որ տևում է հավերժ..."