Tuesday, August 6, 2013

Միխայիլ Վռուբել. "Դևը նստած"


  Նյութը, որն ընտրել եմ այս հոդվածում անդրադառնալու համար անշուշտ կհետաքրքրի ամենքիդ, թեև դևին կամ չարքին ուրույն տեսանկյունից նկարագրելու իմ այս մոտեցումը գուցե տարօրինակ թվա և անգամ երկիմաստ ընկալվի շատերիդ կողմից: Փիլիսոփայական ընկալման մեջ և կերպարվեստում հանդիպող կերպարներում դևը յուրատեսակ գրավչություն է ձեռք բերել և հաճախ չի համապատասխանում նրա մասին ունեցած մեր սարսափազդու պատկերացումներին:
  Նախ ճշտեմ, որ "դևը" կամ "դեմոնը" չի նույնացվում սատանայի հետ, ստուգաբանորեն բառը նշանակում է "ոգի", բարի կամ չար՝ դա այլ հարց է: Անտիկ շրջանում առաջին հիշատակումը դեմոնի մասին պատկանում է Սոկրատեսին: Փիլիսոփան տարակուսանք էր առաջացնում իր շրջապատում, երբ խոսում էր դեմոնի մասին, ով միշտ ներշնչում և ուղղորդում էր իրեն: Իսպառ պարզ չէ, թե ինչպիսի էության հետ գործ ուներ Սոկրատեսը, բայց պետք է որ անչափ զորավոր և իմաստուն արարած լիներ նա: Ձեր կյանքում հաճախ զգացած կլինեք, թե ինչպես են չար կամ բարի ուժերն աներևույթ կերպով ուղղորդում ձեզ և բնավ պարտադիր չէ, որպեսզի նրանք տեսանելի կերպով հայտնվեն ձեր առջև, որպեսզի համոզված լինեք դրանում: Գրական բազմաթիվ ստեղծագործություններ կան, որոնցում մարդուն իբրև ուղեկից կյանքում հայտնվում է դեմոնը: Բավական է հիշել Գյոթեի "Ֆաուստը", Ջոն Միլթոնի "Կորուսյալ դրախտը", Բայրոնի "Կայենը" և Լերմոնտովի "Դեմոնը":

  Խոսքի և պատկերավորման միջոցով դեմոնի կերպարի բացահայտման ապշեցուցիչ մի փորձ է կատարել Լերմոնտովն՝ իր "Դեմոն" պոեմում, որի նկարազարդումը կատարել է ռուս ականավոր նկարիչ Միխայիլ Վռուբելը (1856-1910թթ.): 60 նկարների այս շարքում առանձնանում է "Դևը նստած" կտավը: Վռուբելի նկարներում դևը բնության տարերային ուժերն իր մեջ կրող, զորեղ կերպար է, ում չարությունը թերևս գիտակցված չէ, այլ պայմանավորված է նրա անսանձ բնությամբ և աշխարհի ու մարդկանց հանդեպ ապրած խորին հիասթափությամբ: Դևի գլխավոր դժբախտությունն ըստ Վռուբելի՝ նրա միայնությունն է ու անսահման թախիծը: Լերմոնտովն իր երկում կոչում է նրան "կասկածի և ժխտման ոգի", որը Արարչի կողմից հաղթվելով անհանգիստ և թախծալի վիճակում թևածում է երկնքի ու երկրի միջև: Նրա տառապանքն ու ցավն անսահման են, նրան չեն մխիթարում իր անմահությունն ու զորությունը: Այս արարածը կորցրել է հավատը սիրո, բարիքի և կյանքի լուսավոր կողմի հանդեպ, սակայն կորցնելով անգամ հույզեր ապրելու իր ունակությունը նա գողտուկ կերպով շարունակում է նախանձել մարդկային թեև անկատար, բայց զորեղ ապրումներ ու զգացմունքներ ունենալու կարողությանը:
  Վռուբելը հաջողությամբ կարողացել է որսալ լերմոնտովյան դեմոնի ոգին, որն իր արտահայտությունը գտել է նաև Ռուբինշտեյնի "Դեմոն" օպերայում (1875թ.): "Դևը նստած" կտավի մեջ օգտագործվում է Լերմոնտովի կողմից տրված գունային գամման. "...ինչպես մայրամուտի առջև մթագնող որոտալի մի ամպ նստած էր նա":
Վռուբելին մշտապես հուզել է դեմոնի կերպարը: Նա գրում էր. "Դեմոնին չեն հասկանում..., նա զորեղ է և գեղեցիկ, բայց միևնույն ժամանակ խղճալի է և անսահման տառապանքով ու միայնությամբ լեցուն": 1890 թվականին Լերմոնտովի երկի ազդեցության տակ Վռուբելը նախ ջրաներկով ստեղծում է հիշյալ նկարի էսքիզը, այնուհետև կատարում է այն մոնումենտալ տեսքով:


  Նկարում դեմոնի ոգին ասես շղթայված լինի իր մկանուտ մարմնի մեջ, որը հսկայական ժայռաբեկորի կերպարանք ունի: Նրա հոգեկան մեծ լարվածությունն արտահայտում են ծնկները գրկած և ամուր միահյուսված ձեռքերը: Մթագնած, սև աչքերով խոհուն դեմքը և քամուց ծածանվող մազերը կենդանություն են հաղորդում կերպարին: Դեմքի արտահայտությունը խոսում է նրա մեջ կուտակված հսկայական ուժի և միաժամանակ մելամաղձության մասին. դեմոնը թախծոտ հայացքը հառել է մայրամուտին և կարծես հիշում է նախկին իր փառքն ու սգում իր ներկա անկատարությունը: Նկարիչը միտումնավոր վերից և վարից սեղմել է նկարը, որպեսզի դեմոնի հսկայական չափերը ակնառու լինեն, բացի այդ, նկարն անկրկնելի արտահայտչականություն է ստացել կիրառված բյուրեղային տեխնիկայի շնորհիվ, որը ստեղծվում է վրձնով յուղաներկի ուղղահայաց տարածման միջոցով:


  Նշեմ, որ դեմոնի այս կերպարը հսկայական ազդեցություն է գործել նկարչի վրա: 1902թ.-ին "Դևը հաղթված" նկարի ցուցադրությանը Վռուբելն առաջին անգամ հոգեկան խանգարման նշաններ է ցույց տալիս: Այս հիվանդությունը գնալով սրվում է և դառնում նրա մահվան պատճառը:
  Իրոք խղճահարության է արժանի դեմոնի այս կերպարը: Նա մի արարած է, որը հեռացել է իր նախաստեղծ վիճակից, դատապարտել է ինքն իրեն տառապանքի ու միայնության և չի կարողանում թողնել իր անկատարության վիճակը: Այս թախիծը հատուկ է նաև մեզ՝ մարդկանց, քանի որ մենք նույնպես հաճախ գործելով հակառակ մեր էության՝ հայտնվում ենք կապանքների մեջ և կարոտով անվերջ հիշում մեր նախկին երանելի վիճակը դրախտում: Թող ուրեմն այս հաղթված ու խղճահարության արժանի դեմոնի կերպարը ուժ տա ձեզ ձգտելու կատարելության և ինքնամաքրման...

No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.