Friday, July 19, 2013

Նիկոլայ Բերդյաև - Փիլիսոփայի ողբերգությունը


Ամենազորեղ մարդը նա է, ով միայնակ է ընթանում իր կյանքի ճանապարհով...
ՀԵՆՐԻ ԻԲՍԵՆ

 Ստորև թարգմանաբար բերված են ռուս էկզիստենցիալիստ, քրիստոնեական և քաղաքական փիլիսոփայության ներկայացուցիչ Նիկոլայ Բերդյաևի (1874-1948թթ.) մտածումները հասարակության մեջ փիլիսոփայի կարգավիճակի, փիլիսոփայության, աստվածաբանության և գիտության միջև գոյություն ունեցող դիմակայության վերաբերյալ.

  Հիրավի, ողբերգական է փիլիսոփայի դրությունը: Նրան գրեթե ոչ ոք չի սիրում: Մշակույթի պատմության ողջ ընթացքում թշնամանք է նկատվում փիլիսոփայության հանդեպ, ըստ որում՝ ամեն կողմից: Փիլիսոփայությունը մշակույթի ամենաանպաշտպան հատվածն է: Մշտապես կասկածի տակ է առնվում ընդհանրապես փիլիսոփայության գոյության հնարավորությունը, և ամեն փիլիսոփա իր հերթին ստիպված է լինում սկսել իր աշխատանքը փիլիսոփայությունը պաշտպանելուց, նրա կարողություններն ու արդյունավետությունն ապացուցելուց: Փիլիսոփայությունը հարձակման է ենթարկվում վերից և վարից, նրա հանդեպ թշնամաբար են տրամադրված և՛ կրոնը, և՛ գիտությունը: Այն առհասարակ հասարակության աչքին հեղինակություն չի վայելում, որովհետև փիլիսոփան "սոցիալական պատվեր" կատարող մարդու տպավորություն բնավ չի թողնում: Օգյուստ Կոնտի դասակարգման մեջ փիլիսոփայությանը միջին, անցումային դիրք է տրված կրոնից գիտության փոխակերպման մեջ: Թեև "փիլիսոփա" կոչումը XVIII դարի ֆրանսիական լուսավորչական փիլիսոփայության դարաշրջանում բավական տարածված էր, սակայն այս շրջափուլը նսեմացրեց այդ կոչումը և չծնեց ոչ մի ականավոր փիլիսոփայի:

Tuesday, July 16, 2013

Վան Գոգ. Արթմնի երազներ տեսնողը


  Վինսենթ Վիլլեմ վան Գոգը (1853-1890թթ.), հոլանդացի այս ականավոր նկարիչը, մեր աշխարհում ստեղծեց իր սեփական երազային թագավորությունը և դրոշմեց այն կտավի վրա: Չեմ ներկայացնի նրա ամբողջ հարուստ կենսագրությունը, որը լի էր թախիծով, դժվարություններով, կյանքի իմաստի և ճշմարիտ արժեքների փնտրտուքով: Դիտելով նրա անցած ուղին ակնհայտ է դառնում, որ այս մարդուն չէին հետաքրքրում հասարակության մեջ կայուն դիրքը, ամբոխի ուշադրությունը, դիպլոմավորված կրթությունը, վաստակելու հնարավորությունները: Ողջ կյանքում նա փնտրեց իր, Աստծո, մարդկանց և շրջակա աշխարհի միջև գործող հարմոնիայի բանաձևը, և թեկուզև ինչպես հանճարեղ նկարիչների մեծամասնությունը նա նույնպես չկարողացավ խաղաղություն գտնել իր կյանքի օրոք, սակայն նա ապրում էր ամուր կառչած իր գտած ճշմարտությանը, չդավաճանելով իր ուղուն, ամեն վայրկյան որսալով օդում թևածող գեղեցկությունը: