Friday, May 24, 2013

Նոբելյան մրցանակի ավանդույթները



  Ալֆրեդ Նոբելը (1833-1895թթ.) մասնագիտությամբ քիմիկոս և ճարտարագետ էր: Նա հսկայական կարողություն է դիզում մետաղարդյունաբերության, ինչպես նաև իր կատարած 355 գյուտերի շնորհիվ, որոնցից ամենահայտնին թերևս դինամիտն է: 1888թ.-ին ֆրանսիացի լրագրողները թյուրիմացաբար, սխալ տեղեկությունների վրա հիմնվելով հայտարարում են Նոբելի մահվան մասին: Նոբելը թերթում կարդում է իր մահախոսականը, հետևյալ վերնագրով՝ "Մահ վաճառողը մահացել է": Սա ստիպում է Ալֆրեդ Նոբելին մտածել, թե աշխարհից հեռանալուց հետո ի՞նչ հետք է թողնելու մարդկանց հիշողության մեջ և նա փոփոխում է իր կտակը (տե՛ս նկարը): Կտակում մասնավոր թելադրություն էր արվում, որպեսզի իր մահվանից հետո ողջ շարժական և անշարժ գույքը փոխարկվի գումարային արժեքի, զետեղվի հուսալի բանկում և տարեցտարի հաշվի տոկոսները բաշխվեն մարդկությանը տվյալ տարում մեծ օգտակարություն բերած գիտնականների կամ գործիչների միջև: Հատուկ ցանկություն է նշվել նաև, որպեսզի մրցանակը հանձնելիս ազգային խտրություն չդրվի հավակնորդների միջև:

     

  Նոբելի կտակը հրապարակվեց և հաստատվեց դատարանի կողմից 1897թ.-ին: Նույն տարում ստեղծվեց Նոբելյան կոմիտեն, 1900թ.-ին՝ Նոբելյան հիմնադրամը, որի կանոնակարգը (statutum) հաստատվեց Շվեդիայի արքա Օսկար II-ի կողմից: Ներկայացնենք հիմնական դրույթներից մի քանիսը... Բոլոր մրցանակները նախատեսված են անհատների համար, բացի խաղաղության մրցանակից, որը կարող է շնորհվել նաև կազմակերպություններին: Մի գիտության բնագավառում մրցանակը կարող է կիսվել նաև երկու աշխատությունների միջև, պայմանով, որ պարգևատրվողների թիվը չի գերազանցում երեքը: Մրցանակը չի շնորհվում հետմահու, բացառություն կատարվում է այն դեպքում, երբ հանձնաժողովի կողմից ընտրված հաղթողը մահացել է մրցանակաբաշխությունից կարճ ժամանակ առաջ: Եթե տվյալ տարում գիտության բնագավառներից որևէ մեկում հանձնաժողովն արժանավոր թեկնածու չի գտնում՝ այդ տարի պարգև կարող է և չհանձնվել. գումարը փոխանցվում է հաջորդ տարվա ֆոնդին:

Friday, May 17, 2013

Լեոնարդո դա Վինչի - Նկարչություն, երաժշտություն և պոեզիա



   Նկարիչը ողջ մարդկության և աշխարհում գոյություն ունեցող նյութեղեն իրերի տիրակալն է: Եթե նկարիչն այս պահին ցանկանա տեսնել իրեն գերող սքանչելիքները՝ նա կարող է վերստեղծել դրանք, ինչպես նաև սարսափելի հրեշներին, ծիծաղելի կամ դժբախտ կերպարներին: Նա տերն ու տիրակալն է այս ամենի. եթե ցանկանա պատկերել մարդաշատ բնակավայրեր կամ անապատներ, տապից պատսպարող ստվերաշատ կացարաններ կամ ցրտից պաշտպանող տաք օթևաններ՝ կարող է անել դա: Եթե կամենա պատկերել դաշտավայրեր, լեռների գագաթներից դեպի ծովը ձգվող անծայր հորիզոններ կամ էլ ստորոտից նկարել բարձրաբերձ սարերը՝ կարող է կատարել այդ ամենը...: Իրականում, այն ամենն ինչ գոյություն ունի տիեզերքում՝ փաստացի, սիմվոլիկ կերպով կամ երևակայության մեջ, նկարիչն առաջին հերթին ամփոփում է իր մտքում ապա արտահայտում ձեռքի միջոցով: Եվ սա մի ուրույն կատարելություն է՝ կարողանալը հարմոնիկ կերպով և համամասնության մեջ արտահայտել ողջ տեսանելին, այն՝ ինչ հնարավոր է նկատել լոկ առաջին հայացքից, մեկ ակնթարթում, ինչպիսին որ կան իրերը բնության մեջ:
   Նա, ով չի սիրում նկարչությունը, չի կարող սիրել ո՛չ փիլիսոփայությունը, և ո՛չ էլ բնությունը: Եթե դուք չեք սիրում նկարչությունը, որը բոլոր տեսանելի արարածների միակ կրկնօրինակողն է, վստահաբար ձեզ դուր չեն գա նաև փիլիսոփայության պարգևած նրբին գյուտերը և բնության բազմապիսի սպեկուլյացիաները, որոնք կառուցվում են ստվերի և լույսի մեջ թաթախված ծովի և ցամաքի, կենդանիների և բույսերի, խոտերի և ծաղիկների միջոցով: Իրապես, նկարչությունը գիտություն է, բնության հարազատ զավակը կամ եթե ավելի ճշգրիտ արտահայտվելու լինենք՝ բնության թոռը, որովհետև բոլոր տեսանելի արարածներին ծնել է բնությունը, որոնք իրենց հերթին և ծնունդ են տվել նկարչությանը: Ուստի կարող ենք արդարացի կերպով խոսել նկարչության մասին՝ իբրև բնության շարունակություն և Աստծո հետ առնչություն ունեցող երևույթ, և ո՞վ գիտե, գուցե մեր արվեստի շնորհիվ Աստծո ժառանգները կոչվելու շնորհին արժանանանք...

Friday, May 3, 2013

Ին-Յան դուալիզմը. Yin-Yang



   Ին-Յան հարաբերության սիմվոլիկ պատկերը ծանոթ է ամենքիս: Ինը՝ շրջանի սև կողմն է (սպիտակ կետով), իսկ Յանը՝ սպիտակը (սև կետով), որը երբեմն նաև փոխարինվում է կարմիրով: Առաջին հայացքից պարզունակ այս պատկերն իրականում գոյաբանական և բարոյագիտական խորին իմաստ է պարունակում:
 Ին-Յան դուալիստական ուսմունքը ծագում է առել հին չինական բնափիլիսոփայությունից, հավանաբար Ք.ա. III-II հազարամյակներում: Այն տեսական հիմք է հանդիսացել չինական գիտության, ավանդական բժշկության, երաժշտության, կիրառական արվեստների և ռազմարվեստների (Ցիգուն, Տայցզիցյուան, Բագուաչժան) համար: Չինական հնագույն փիլիսոփայական բնագրերից "Հերթագայությունների գրքում" ("I Ching"-Ք.ա. I հազ. սկիզբ) Ինը և Յանը խորհրդանշում են համապատասխանաբար լույսն ու խավարը, ամուրը և փափուկը, բնության մեջ ներկա արական և իգական նախասկիզբները կամ սուբստանցները: Ք.ա. V-III դդ.-ում անգամ փիլիսոփայական առանձին դպրոց գոյություն ուներ, որը կրում էր Ին-Յան անունը: Դարերի ընթացքում հակադրությունների բևեռացումն Ինի և Յանի միջոցով ավելի է խորանում և Նեոկոնֆուցիականության մեջ այս աբստրակտ հարաբերությունը բացարձակ օրենքի դրություն է ստանում, համաձայն որի՝ հակադիր Ին և Յան ուժերը տիերզերքի շարժիչ ուժերն են, որոնցով պայմանավորված է բնության մեջ դիտվող հավերժական հերթագայությունն ու փոփոխականությունը: Այս սկզբունքը մենք գտնում ենք չին փիլիսոփաների ճնշող մեծամասնության դիալեկտիկական ուսմունքներում: