Friday, April 27, 2012

Մոնտեսքյո - "Օրենքների ոգին"


Vox populi, vox Dei.

Ժողովրդի ձայնը` Աստծո ձայնն է

   Խնդիրն արդիական համարելով, կարծում եմ արժե խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մեկ հոդված նվիրել հայրենի օրենսդրության զարգացման գործին: Հասարակ քաղաքացու համար հայաստանյան քաղաքականության մեջ խորանալն ըստ իս գարշելի զբաղմունք է, որովհետեւ մեր երկրում քաղաքականությունը իր մեջ ամփոփում է աբսուրդային, հակաօրինական եւ հակաբարոյական բոլոր հատկանիշերը, էլ չխոսենք անձերի մասին: Այդ իսկ պատճառով, մաքուր օդի առջեւ պատուհան բացելու համար դիմեցի օրենսդրության ոլորտում դասական հեղինակ համարվող Մոնտեսքյոյին, ում "Օրենքների ոգին" տրակտատից վերցված "Օրենսդրության կերպի մասին" գլուխը կփորձեմ վերլուծել:
   Բարեկամներս, ինչպես գիտենք, ժողովրդի ձայնը մեր երկրի պետական կառավարման համակարգում հնչեցնողը եւ օրենսդիրը պառլամենտն է (կամ Ազգային ժողովը): Այնպիսի վսեմ նպատակների իրագործումը, ինչպիսիք են ժողովրդավարությունը, բարեկեցությունը, լուսավորությունը` կախված է առավելապես Ազգային ժողովի առողջ գործունեությունից: Իսկ այդ առողջ գործունեության դրությունը ստեղծելու համար անհրաժեշտ է`
ա) իրապես ժողովրդական ողջ մասսաները ներկայացնող լեգիտիմ խորհրդարան,
բ) խորհրդարանականների` օրենքների մշակման ոլորտում աշխատելու կարողություն,
գ) օրենսդրական գործընթացի մեկուսացում բոլոր արտաքին ճնշումներից ու ազդեցություններից:
   Այժմ հիշելով մեր դառը իրականությունը` կուլ տամ կոկորդիս դեմ առած հեղձուկը եւ վերադառնամ Մոնտեսքյոյին, ում օրենսդրության գիտությունը գրեթե կատարյալ է:...


 Ինչպես նշում է Մոնտեսքյոն, ողջ տրակտատի գլխավոր նպատակը օրենսդրին չափավորություն, իսկ հարկ եղած դեպքում նաեւ կտրուկ քայլեր ձեռնարկելու իմաստություն պարգեւելն է: Քաղաքական եւ բարոյական բարիքը գրեթե միշտ գտնվում է երկու ծայրահեղությունների միջեւ եւ օրենսդրի խնդիրը կշռված լուծում գտնելն է, սակայն հասարակարգի գոյատեւման եւ բնականոն գործունեության համար սահմանված օրենքները չափազանց խիստ են լինում եւ ըստ Մոնտեսքյոյի` որքան խիստ լինեն դրանք` այնքան ավելի լավ (քրեական, իրավական խախտումների, լիազորությունների չարաշահման եւ այլ դեպքերում օրենքով սահմանվող պատիժները): Որպես նման խիստ օրենքի օրինակ հիշատակվում է Սոլոնի օրենքը, որը կարծում եմ չափազանց ուսուցողական է մեր այս նախընտրական շրջանում: Օրենքը թույլ էր տալիս սպանել այն քաղաքացուն, ով չեզոք դիրք էր բռնում քաղաքացիական երկպառակությունների ժամանակ: Օրենքի խստության մեզ համար անհասկանալի պատճառը հասարակարգերի տարբերության մեջ է. հունական աշխարհը բաղկացած էր բազմաթիվ փոքր պետություններից, որոնց քաղաքական շարժող ուժը քաղաքացիների ամբողջությունն էր (բնակչության մեծամասնությունը) եւ եթե խռովություններից խուսափող ողջամիտ եւ գիտակից տարրը մի կողմ քաշվեր հիմնախնդրի լուծումից, ապա իրավիճակը կարող էր դուրս գալ վերահսկողությունից եւ կործանարար հետեւանքներ ունենալ: Մեր հասարակության մեջ` կուսակցությունները կազմվում են բնակչության փոքրամասնությունից, իսկ ժողովուրդը նախընտրում է հարեւանցի նայել իրադարձություններին, ժամանակ առ ժամանակ, ընտրությունների նախաշեմին քաղաքացուն առաջարկում են հարել այս կամ այն կուսակցությանը եւ արդյունքում ժողովուրդը առհասարակ մաս չի ունենում ժողովրդավարության հաստատման եւ օրենսդրության գործընթացում: Ահա թե ինչու մեր քաղաքական ուժերը բնավ չեն խրախուսում եւ արգելակում են առողջ քաղաքական մտածողության եւ անհատների ի հայտ գալը, իսկ այն գիտակից ու կարող ուժերը, որոնք կարող էին նորմալ հասարակության մեջ իրենց ձեռքը վերցնել քաղաքականության սանձերը` միառժամանակ փնթփնթում են, բայց հետո կրկին հաշտվում իրողության հետ: Այսպիսով, փոքրամասնական քաղաքական ուժերի կլանային անարխիային հակակշռող ուժը չի գործում: Ուրեմն պարզեցինք, թե ինչպիսի ուժեր են մուտք գործում խորհրդարան:


   Այժմ խրատներ օրենքների ճիշտ կազմության վերաբերյալ: Օրենքները նախ պետք է համառոտ եւ հստակ լինեն: Այս խորհուրդը Մոնտեսքյոն ուղղում է նրանց ովքեր օրենքներ են սահմանում եւ իրենց, եւ օտար ժողովուրդների համար: Հռոմեական 12 աղյուսակների օրենքներն այնքան համառոտ էին, որ անգամ երեխաները կարող էին անգիր անել դրանք, իսկ Հուստինիանոսի իրավական նովելները չափազանց երկար էին եւ հարկ եղավ սեղմել դրանք: Օրենքները պետք է այնքան պարզ շարադրված լինեն, որ միեւնույն ընկալումն առաջացնեն մարդկանց մոտ, քանի որ որտեղ օրենքը երկիմաստ է` այնտեղ օրենք չկա (ubi ius incertum, ibi ius nulum) եւ այսպես շարունակ...: Բայց մեկ րոպե, սա մեր մասին չէ..., որովհետեւ ես մինչեւ հիմա պատգամավորության թեկնածուներից լսում եմ միայն ազգին ծառայելու պատրաստակամության եւ բարեկեցիկ կյանք կառուցելու ցանկության մասին, իսկ թե ինչպե՞ս են իրենց պատկերացնում օրենսդրական գործունեության մեջ, ապա մի հարցրեք նրանց: Հիշենք, որ օրենսդիրը պետք է մտավոր, հոգեբանական լուրջ կարողություններ, հռետորական եւ լիդերին հատուկ որակներ, առաքինություն եւ ժուժկալություն ունենա: Այս պահանջներին հակասող խորհրդարանական աղաղակող դեպքերի եւ ցցուն դեմքերի մտաբերումը թողնում եմ քեզ, սիրելի' ընթերցող:
  Օրենքների սահմանման գործընթացի վերաբերյալ Մոնտեսքյոյի դիտարկումները վերաբերում են անկախ օրենսդրական գործընթացի ապահովմանը եւ օրենքների տեղին եւ խելամիտ սահմանմանը: Մենք ամբողջ ուժով "ինտեգրվում ենք" եւ կարկատում ենք մեր օրենսդրությունը արեւմտյան պահանջներին հետեւելով: Թեեւ ոմանք սա առաջադիմական քայլ կարող են որակել, բայց Մոնտեսքյոն բազմաթիվ օրինակներով ցուցադրում է այդ ընթացքի կործանարարությունը. այլ հասարակարգում հիանալի գործող օրենքները կարող են հակառակ արդյունքն ունենալ տվյալ երկրում, օրենսդրական եւ քաղաքական պատվերը պետք է բխի բուն ժողովրդից, նրա բարքերից, պատմական, աշխարհագրական, մշակութային եւ կրոնական առանձնահատկություններից: Երբեք չպետք է դիտարկել օրենքները դրանց հետապնդած նպատակից եւ դրանց սահմանման հանգամանքներից զատված: Իսկ մեր երկրում ցանկացած ներկայացված օրինագիծ ակնհայտ արտաքին պատվեր է պարունակում, անգամ այն հրատապ խնդիրները, որ առաջադրվում են մեր հասարակության կողմից, անմիջապես իրենց վրա են հրավիրում օտար հայացքները եւ ենթարկվում են արտաքին ուղղորդմանը:
   Այսքանից հետո ես վախենում եմ եզրակացություններ անելուց, որովհետեւ ստիպված պիտի լինեմ աջ ու ձախ շանթեր արձակել եւ դրանով վերը բերված մտքերից կշեղեմ ձեր ուշադրությունը: Պարզապես հիշեք, որ ազատ հասարակության մեջ, ինչպես էր երբեմն Հռոմը, հասարակությունն ինքն էր իր ձեռքերով կերտում օրենքները եւ ապա մտնում այդ օրենքի իշխանության տակ: Սկսեք ամենապարզից` անկե'ղծ եղեք ինքներդ ձեզ հետ, պարզե'ք ձեզ համար, թե ինչպիսի հասարակության մեջ եք ուզում ապրել (իսկ գուցե մեզ պետք չէ՞ իրավական հասարակություն), հավատացե'ք ձեր ազատ ձայնի իրավունքին եւ տեր կանգնե'ք այդ իրավունքին (մի' ուրացեք եւ մի' վաճառեք): Վերջիվերջո ազգը եթե սթափվի ու միավորվի ազգային գիտակցության եւ արդարության գաղափարների շուրջ` կվերածվի այն մեծ կուսակցությանը, որին իրավամբ պատկանում է պետության ղեկը դարձնելու իրավունքը: Բացի այդ, պետք է հնարավորություն տրվի մեր հասարակության առողջ ուժերին դրսեւորելու իրենց եւ քաղաքական կամք հայտնելու: Կուզեք ընդունեք սա իբրեւ իմ սուբյեկտիվ կարծիքը` մենք այժմյան քաղաքական առաջարկի պայմաններում ընտրելու ոչինչ չունենք, ինձ համար միշտ տհաճ է եղել չարյաց փոքրագույնն ընտրելու գաղափարը: Թող ձեր ապագան ընտրելիս ամենքիդ առաջնորդի հանրային բարիքի հասնելու ձգտումը...

Salus populi suprema lex est.

Հանրային բարիքը բարձրագույն օրենք է


No comments:

Post a Comment

Note: Only a member of this blog may post a comment.